00:00:00

«Երկիր Ծիրանի»-ն կոչ է անում բոյկոտել դեղերի դեղատոմսով ձեռքբերման ծրագրի ներդնումը

16:02, 28 փետրվար 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում մերժել` բոյկոտել դեղերի դեղատոմսով ձեռքբերման ծրագրի ներդնումը: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ «2018 թվականի մարտի 1-ից նախատեսվում է գործածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը, համաձայն որի՝ Հայաստանում մի շարք դեղեր մարտի 1-ից հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսերով: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարտավոր է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա հնարավոր է ապահովել առաջին եւ մատչելի բժշկական օգնության տրամադրումը: Մինչդեռ ոչ մի միջոց չի ձեռնարկվել այս ուղղությամբ, դեռ ավելին՝ կրկին փորձ է կատարվում իրագործել առողջապահական ծառայությունների ոլորտը առավել մենաշնորհային դարձնելու դատապարտելի ծրագիրը: Դեղերի ձեռքբերումը միայն դեղատոմսերի միջոցով հնարավոր չէ ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Մինչ նման ծրագրի իրագործումը՝ անհրաժեշտ է ունենալ համապատասխան պայմաններ, ինչը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում: Հարեւան Վրաստանի Հանրապետությունում նմանատիպ ծրագրի իրականացման փորձը ձախողվել է: Այս ծրագրի ներդնումը մեզ մոտ նույնպես դատապարտված է ձախողման: Սույն ծրագիրն իր մեջ պարունակում է հսկայական կոռուպցիոն մեխանիզմներ եւ գործելու է ի շահ մենաշնորհների՝ նպաստելով առանց այն էլ դեղորայքի շուկայի մենաշնորհմանը եւ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մենաշնորհային դիրքի մեծացմանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է առողջապահության ոլորտում հերթական անհիմն որոշումը, որը լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի բազմահազար քաղաքացիներին, բժշկական հաստատությունների ու դեղատների աշխատակիցներին, կոռուպցիոն նոր հնարավորություններ կստեղծի եւ կընդլայնի մենաշնորհների հնարավորությունը», - ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր