00:00:00

Ֆուտբոլիստ եղբայրները պոկել են ոստիկաններից մեկի ուսադիրը, հարվածել մյուսի դեմքին. 4 ոստիկան տուժող է ճանաչվել

15:28, 31 օգոստոս 2020 Իրավական

Ինչպես արդեն հայտնել էինք, Կասկադում երեկ միջադեպ էր տեղի ունեցել ճանապարհային ոստիկանների մասնակցությամբ: Վիճաբանության ժամանակ 2 երիտասարդներ հարվածել են նրանց, հայհոյել, քաշքշել: Ոստիկաններին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները: Պարզվում է՝ եղբայրներից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, վեճի ժամանակ էլ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով. 2020թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր