«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները: Նախորդ տարվա մարտի 23-ին վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Երեւանում բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությանը, խիստ դժգոհություն էր հայտնել` շեշտելով. «Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը»: Միաժամանակ վարչապետը հանձնարարել երկամսյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել լուծումներ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ առարկայական որեւէ քայլ չի արվել վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, միայն փորձ է արվել համատիրությունների մասին նոր օրենք մշակելու հարցում եւ վերջ, իսկ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակում են թագավորել մկներն ու առնետները, աղբն ու գարշահոտությունը, անսարք վերելակները, որոնցով երթեւեկելն ամեն անգամ կենաց մահու կռվի է նմանվում, էլ չենք խոսում մյուս խնդիրների մասին:
Մեկ փաստ էլ` իշխանություններին այս համատիրությունները պետք են մեկ առումով. դրանք ընտրակեղծիքի կարեւոր օղակներից են. համատիրությունների նախագահները մեկ առ մեկ գիտեն, թե որ բնակարանում քանի հոգի է բնակվում, սոցիալապես ի՞նչ վիճակում են գտնվում: Ըստ այդմ, իրենք են հաճախ աշխատում ընտրակաշառքի 10 հազարական դրամները նպատակային «տեղ հասցնելու» ուղղությամբ` իրենց մոտ եղած ցուցակների համաձայն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում