00:00:00

Իշխանությունը ֆուտբոլի գնդակ չէ. Քոչարյանը հետ չի ստանա Սարգսյանին տված պասը․ «Ժամանակ»

12:59, 28 փետրվար 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ իսկապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության կողմից խորհրդարան ներկայացված նախաձեռնությանը: «Ելք»-ը առաջարկում էր Ազգային Ժողովի անունից ընդունել հայտարարություն, որը վերաբերվելու էր 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններին, եւ ՀՀԿ-ն համաձայնվեց հարցը ընդգրկել օրակարգ: ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մի հայտարարության քննարկմանը, որի առաջին կետում խոսվում է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման մասին: Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ընտրությունների արդյունքում նախագահ հռչակվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ-ի քվեարկությունը չի կարելի դիտարկել Սերժ Սարգսյանին թիկունքից հասցված հարված: Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը, քանի որ հարվածը սպասվում է այլ տեղից: «Ելք»-ի հայտարարության երկրորդ կետում կա պահանջ սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:

Ում նկատի ունեն ՀՀԿ-ականները Մարտի 1-ի կազմակերպիչ ասելով, եւ ում դեմ է ուղղված այս որոշումը, որի ընդունման օգտին միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Այս հարցը հնչեցնելիս, բոլորի հայացքները միանգամից ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյանը: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը ղեկավարել է Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտարարում է, որ ինքը 10 տարի առաջ կողմնակից է եղել, որ իրավապահ մարմինները հարցաքննեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ է չէ, որ սրանից 10 տարի հետո էլ Սամվել Նիկոյանը կարող է հայտարարել, որ ինքը կողմնակից է եղել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, եւ նույնիսկ ընդհատակյա պայքարել է նրա իշխանության գործունեության դեմ: Բայց դա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի իշխանության ղեկին: Առայժմ Նիկոյանը բացահայտում է, թե որքան հետեւողական է ինքը եղել Քոչարյանին հարցաքննելու հարցում, եւ եթե սկսի պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր անտեսել են այդ պահանջը եւ չեն հարցաքննել Քոչարյանին, հանկարծ չզարմանանք: Նիկոյանը եւ մյուս ՀՀԿ-ականները չափազանց հետեւողական են, երբ հարցը վերաբերվում է երկրում օրինականության ապահովմանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր Քոչարյանի իշխանության տարիներին եղել են իշխանության մեջ, հիմա հանդես են գալիս նրա դեմ: Նրանց ասածն այն է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա իրենք ոչ միայն կողմ կլինեն «Ելք»-ի հայտարարությունը օրակարգ ընդունելուն, այլ կարող են կողմ քվեարկել դրա ընդունմանը: Իրադարձությունների նման անակնկալ եւ սրընթաց զարգացումը ուղղակի անհնար կլիներ, եթե ՀՀԿ-ի ներսում մտահգություն չունենային, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերատիրանալու ծրագիր ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, լուրեր տարածվեցին, որ նրանց միջեւ պայմանավորվածություն կա, որ 2011թ. Քոչարյանը նախագահ Սարգսյանի կողմից պետք է նշանակվի վարչապետի պաշտոնում, եւ նրանք այդպես պետք է կիսեն բաժնետիրական հիմունքներով իրենց պատկանող իշխանությունը: 2011թ. Քոչարյանը վարչապետ չնշանակվեց, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ բաժնետերերի միջեւ ընդհանուր ունեցվածքի կառավարման եւ տնօրինման շուրջ արմատական տարաձայնություններ կան: Գուցե այդ տարաձայնություները հարթվեին 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը ռոտացիայի կարգով Քոչարյանին հանձներ իշխանության մենեջմենթը իրականացնելու հնարավորությունը: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ դա անել, այլ ակնարկում է, որ կարող է վիճարկել Քոչարյանի սեփականության իրավունքի օրինականության հարցը: Հայերը ընդհանրապես զուրկ են բաժնետիրական սեփականություն կառավարելու հմտություններից եւ չունեն նման ավանդույթներ: Խոսքը ոչ միայն նյութական սեփականությանն է վերաբերվում, այլ այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին իշխանությունն է: Չնայած իշխանության համատեղ տիրապետումն ու կառավարումը հատուկ չէ ոչ միայն հայ քաղաքական մշակույթին, այլ անհասկանալի կատեգորիա է համաշխարհային պատմության համար: Երբ որեւէ մեկը իշխանությունը փոխանցում է մեկ ուրիշին, դա դիտարկվում է ոչ թե բարի կամքի, այլ այն պահելու անհնարինության դրսեւորում: Հենց այդ պատճառով իշխանություն հանձնելը ամենեւին առիթ չէ, որ փոխադարձության ակնկալիք ունենաս, մանավանդ, որ ում հանձնել ես իշխանությունը, նա այն պահելու խնդիր չունի: Այնպես որ, մինչեւ վարչապետի ընտրությունները մենք դեռ ականատեսն ենք լինելու Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների եւ մեղավորների բացահայտմանը ուղղված ջանքերի գործադրմանը: Իսկ թե որքան կխորանա կազմակերպչի որոնման քննությունը, եւ արդյոք հանցագործի վերջնական բացահայտումն ու դատապարտումը տեղի կունենա, թե դա կմնա սպառնալիքների մակարդակում, կախված է միայն թիրախի վարքագծից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր