«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվություն է տվել:
Եվ ահա, մեր տեղեկություններով, ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը, և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել:
Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրականացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում