ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումը Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի մասնագետների հետ էր։ Այս անգամ ևս նա ընդհանուր գծերով ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանցից ակնկալվող արդյունքները։
Լևոն Ալթունյանը ծանոթացրել է նաև ԱԱՊ օղակի բարեփոխման տեսլականը` շեշտադրելով դրա արդյունքում բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող բժիշկների հեղինակության բարձրացման, նրանց աշխատանքների նորովի կազմակերպման շնորհիվ ակնկալվող նպատակները։ Դրանց թվում են հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու դրանց ժամանակին, արդյունավետ բուժումը և այլն։ Դրանց հասնելու համար պետք է բժիշկն արդյունավետ աշխատի։ Իսկ որպես դրա կարևոր գործոն նախատեվում է առաջիկա երկու տարվա ընթացքում ԱԱՊ օղակի բժշկի աշխատավարձի մինչև կրկնակի ավելացում։ Թե ինչ քայլերով` քննարկվում են և կորոշվեն համատեղ։
Բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող մասնագետների հետ նախարարի պաշտոնակատարը քննարկել է ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ամենօրյա աշխատանքային խնդիրներին առնչվող հարցեր։ Լևոն Ալթունյանը խոստացել է տեղում չպարզաբանված հարցերի պատասխանները տալ ուսումնասիրությունների արդյունքում։
Առաջնային օղակի մասնագետները բժիշկ-բուժառու փոխհարաբերություններում կարևորել են ինչպես բժշկի, այնպես էլ բնակչի պարտականությունների սահմանումը «Առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Նախարարի պաշտոնակատարը հորդորել է նման առաջարկները գրավոր ուղարկել նախարարություն։
Այնուհետև Լևոն Ալթունյանը ծանոթացել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։ 2016թ. հունիսին մեկնարկած հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Նախարարի պաշտոնակատարին ներկայացվել է, որ արդեն կատարվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 80%-ը:
Լևոն Ալթունյանը կառուցողների, ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ։