Երեկ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 26-ին, ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։
Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։
Վթարից անմիջապես հետո՝ մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Դեպքի օրը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե անվտանգության աշխատակիցներն վթարի պահին վարչապետին ուղեկցելիս չեն եղել: Արարատյաը չէր մոռացել դրսեւորել բարի կամք եւ հայտարարել, թե եթե պարզվի, որ մեղավորը անվտանգության ծառայողներն են եղել, նրանք պատրաստ են օրենքով սահմանված կարգով մուծել տուգանքները:
Այն, որ անվտանգության աշխատակիցները օրենքով սահմանված կարգով տուգանքները վճարեն, իրականում չենք էլ վիճարկում: Ի վերջո Արարատյանի ղեկավար Կարեն Կարապետյանը հաճախ է սիրում օրենքներից խոսել եւ այս կամ այն օրենքը կիրառելու վերաբերյալ հանձնարարական հնչեցնել: Սակայն, այս դեպքում հարց է առաջանում, եթե անվտանգության աշխատակիցները վարչապետին ուղեկցելիս չեն եղել, ապա ինչ կարեւոր առաքելություն են ունեցել իրականացնելու, որ պետական բյուջեի միջոցներով սպասարկվող մեքենան վարում են Երեւանի փողոցներով: Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն վարչապետի թիկնազորի անդամները մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար աչքի են ընկնում բարձր արագությամբ սլանալով, ընդ որում, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, երբ չեն ուղեկցում վարչապետին:
Irakanum.am