Տավուշի մարզի Այգեձորի արեւելյան մասի հանդամասում ականի պայթյունից տուժած քաղաքացիները Այգեձորի բնակիչնեեր են. 2-ը ամուսիններ են, մյուսն էլ նրանց օգնության գնացած համագյուղացի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Այգեձորի առողջության կենտրոն»-ի տնօրեն Մուրադ Գրիգորյանը՝ նշելով, որ ինքն է տուժածներին դեպքի վայրից տեղափոխել կենտրոն, արյունահոսությունը դադարեցրել, հակաշոկային միջոցներով մի փոքր վիճակը կայունացրել եւ անմիջապես տեղափոխել «Բերդի» հոսպիտալ:
«Տուժածներից 3-ն էլ Այգեձոր գյուղի բնակիչներ են: Ամուսիններով սինդրիկ հավաքելու են գնացել, գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասում, հետո ականի վրա պայթելուց հետո 2 հոգի օգնության են եկել գյուղից: Մեկը տղամարդուն է օգնել, մյուսը կնոջն է օգնել, որ դուրս գա: Տղամարդուն օգնողը բարեհաջող հանել է, իսկ կնոջը օգնողը ինքն էլ է վնասվածք ստացել»,- պատմեց Մուրադ Գրիգորյանը:
Առողջության կենտրոնի տնօրենը պատմեց, որ տղամարդկանցից մեկի ոտնաթաթն է պոկվել, մյուսի ձեռքը՝ համարյա մինչեւ արմունկը, կինն էլ կրունկից է վնասվածք ստացել, ոտնաթաթը մնացել է, բայց սրունքը ջնջխված է:
Մուրադ Գրիգորյանը նշեց, այդ տարածքը ականապատված է եւ նախազգուշացնող նշաններ էլ տեղադրված են, սակայն ականի պայթյունի դեպքեր այդ տարածքում շատ են գրանցվում:
«80-ական թվականներից 15 հոգի վնասվածք են ստացել այդ տարածքում: Փշալարներ, դրոշակներ կան տեղադրված, սակայն անտառով գնալով կողմնորոշումը կորցրել են տուժածները, չեն տեսել նշաները եւ ընկել են այդ ականապատված տարածքը»,- ասաց նա: