00:00:00

Մասնակիցը դարձեք հարձակողական ռազմական դոկտրինի ընդունման. Փոստանջյանի կոչը հայ զինվորականությանը

16:03, 13 ապրիլ 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ՊՆ շենքի դիմաց հանդես է եկել հայ զինվորականնությանն ուղղված կոչով, որտեղ նրանց կոչ է անում մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին եւ նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում: Փոստանջյանի կոչում, մասնավորապես, ասվում է. «Կոչ զինվորականներին Հարգելի զինվորականներ, Այսօր ձեր ջանքերի եւ խիզախության շնորհիվ՝ մեր Հայրենիքը պաշտպանվում է: Դուք, լինելով զինվորական գործի գիտակը՝ ապահովում եք հայ ազգի անվտանգությունը: Դուք կատարել եք եւ շարունակում եք կատարել ձեր պարտքը, սակայն մենք՝ մեր պետության քաղաքական կառուցվածքի կարեւոր մաս կազմող հատվածը` քաղաքացիներս, քաղաքական որոշումների ընդունման եւ իրագործման մասնակիցներս՝ տարիներ շարունակ թերացել եւ ձախողել ենք: Երկու տասնամյակից ավելի մենք չենք կարողանում հաղթահարել քաղաքական անմեղսունակությունը, ինչն այսօր դարձել է լուրջ խոչընդոտ արդի Հայկական պետականության պաշտպանունակության եւ տարածքային ամբողջականության համար: Արդի Հայկական պետականության զինված ուժերը` ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց լինելով, որն ապահովում է մեր երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգության զինված պաշտպանությունը, Սերժ Սարգսյանի կողմից կատարած դավաճանության, իշխանության յուրացման եւ վնասարարության պատճառով լիարժեք չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը: Իշխանության յուրացման հետեւանքով Հայկական զինված ուժերը քաղաքական հարցերում անգամ չեն պահպանել չեզոքություն եւ ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 եւ 2008 թվականներին: Մեր երկրում առկա քառորդդարյա բռնակալական համակարգը, «պատերազմող երկիր» ձեւակերպումը դարձնելով վահան եւ արդարացում իր ապաշնորհ եւ անօրինական գործունեության համար, հյուծում եւ մաշում է մեր ազգի հնարավորությունները: Բռնակալության ռազմական հայեցակարգը եւ քառորդդարյա քաղաքականությունը մերժել են` սեփական արտադրության զենքեր ունենալու հնարավորությունը, Ադրբեջանից զենքերի առգրավումը, մեր բանակը համապատասխան մրցունակ սպառազինությամբ համալրելը, Նախիջեւանի, Դաշտային Արցախի ու Ուտիքի զավթման վերացումը որպես ռազմաքաղաքական խնդիր դարձնելը եւ բռնազավթման վերացումը: 1994 թվականի զինադադարը եւ հետագա քաղաքական անգործությունը, ապա՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը վկայությունն են քաղաքական ապաշնորհության եւ դավաճանության: 2016 թվականի պատերազմն ի ցույց դրեց արդի Հայկական պետականության ռազմաքաղաքական վերնախավի դավաճանությունը, անփութությունը եւ ապաշնորհ լինելը: Մենք՝ հայերս, լինելով հինավուրց ռազմի ժողովուրդ, այս ապաշնորհ քաղաքականության հետեւանքով այսօր ստիպված խուսափում ենք զինվորագրվելուց, քանի որ մեր ազգային զինված ուժերում ծառայողները չունեն Հայկական պետականության պաշտպանության երաշխիքները՝ թե՛ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման եւ թե՛ իրենց կյանքի ու սոցիալական ապահովագրության համար: Սիրելի զինվորականներ, Զինվորագրվելու, զինվորական դառնալու ցանկությունը եւ կոչումը արդի Հայկական պետականությունում դարձել է ոչ գրավիչ ու պահանջված ոչ թե այն պատճառով, որ մեր ազգը, դուք քիչ հայրենասեր ենք, իհարկե ոչ: Պատճառն այլ տիրույթում է` շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ դուք չեք ստանում համապատասխան արժանավայել վարձատրություն, դուք պաշտպանված չեք օրենքի ուժով եւ, իհարկե, ամենակարեւոր պայմանը՝ ձեզ արգելել են իրականացնել կանխարգելիչ ու ազատագրական ռազմական գործողություններ: Ռազմական գործիչները գիտեն, որ երկրի պաշտպանունակության համար կարեւոր պայման է նաեւ պետության ռազմական հայեցակարգի կենսունակությունը: Արդի Հայկական պետականությունն իր ռազմական հայեցակարգն ընդունել է 2007 թվականին, որտեղ ամրագրել է, որ Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այսպիսի սկզբունքի վրա հիմնված հայեցակարգը համալրել է այն կոպիտ սխալները, որոնք շարունակում են վնաս պատճառել արդի Հայկական պետականությանը: Այս գործող ռազմական Դոկտրինի սնանկ լինելն ապացուցվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս քաղաքականության պատճառով մենք ունեցանք կորուստներ` հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ, սպանված ու խոշտանգված խաղաղ բնակիչներ, տարածքային կորուստ՝ շուրջ 800 հեկտար, Թալիշ գյուղի անկում եւ Լելե Թեփե բարձունքի կորուստ: Այսպես, արդի Հայկական պետականության ռազմական Դոկտրինի սնանկությունը կայանում է հետեւյալում. 1991 թվականին միասնական անկախ պետականության փոխարեն՝ առանձին Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների հռչակում: Ադրբեջանի կողմից հարձակման եւ ցեղասպանությանն ի պատասխան՝ Հայրենիքի ազատագրման (Դաշտային Արցախի, Ուտիքի եւ Նախիջեւանի) փոխարեն՝ Գետաշենի, Շահումյանի եւ Արծվաշենի հանձնում ու կասկածելի միանձնյա բանակցությունների վարում: 1994 թվականին Ադրբեջանին կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել պարտադրելու փոխարեն՝ զինադադարի կնքում: Կանխարգելիչ ռազմական հայեցակարգի ընդունման փոխարեն՝  պաշտպանողական հայեցակարգի ընդունում: Ադրբեջանի նկատմամբ ռազմական նախազգուշական գործողություններ իրականացնելու փոխարեն՝ անգործության դրսեւորում, նահանջ, եւ գրեթե ամեն օր՝ զոհերի ու վիրավորների առկայություն: Ռազմական դոկտրինը՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա, հնարավորություն է տալիս կանխարգելիչ գործողություններով արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Նախազգուշական եւ կանխարգելիչ ռազմական գործողությունների օգտագործումն էր, որ գործնական լուրջ օգուտ բերեց մեր Արցախյան հաղթանակում: Հայրենիքի ազատագրման գործողություններն էին, որ թշնամու հարձակումները հեռացրեցին Կապանից եւ Ստեփանակերտից: Ազատագրական ընթացքը կասեցվեց 1994 թվականին: Բռնակալությունը մեզ պարտադրեց 1994 զինադադարը եւ վեճի առարկա դարձրեց ազատագրված եւ վերամիավորված մեր Հայրենիքի արցախյան հատվածը: Բռնակալական համակարգը չբացառեց օտար զինված ուժերի առկայությունը մեր սահմաններին: Բռնակալական համակարգն ի զորու չեղավ հայկական զինված ուժերով պաշտպանել մեր հայրենակիցներին Սիրիայում: Այսօր առավել, քան երբեք, պետք է միասնաբար վերանայենք մեր մոտեցումները եւ դիրքորոշումը` հաստատելու երկարատեւ խաղաղություն: Թշնամական Ադրբեջանի զսպումը եւ նրա կողմից անհանդուրժողականության դրսեւորումները կարող ենք կասեցնել միայն՝ ազգային զինված ուժերն արդիականացնելով, բանակը համալրելով պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների կազմով, շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ տրամադրելով ՝համապատասխան, արժանապատիվ վարձատրություն եւ օրենքի ուժով պաշտպանության երաշխիքներ: Եվ իհարկե, պետք է առաջնորդվենք ռազմական Դոկտրինով՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա` կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ: Սիրելի զինվորականններ, Ձեր ցանկությունները միշտ եղել են համեստ, եւ դուք՝ ձեր համեստությամբ, եւ միեւնույն ժամանակ՝ հերոսությամբ, դիմագրավել եք մարտահրավերները, եւ հենց դուք էիք, որ նորից կանխեցիք աղետը` 2016 թվականի ապրիլին:   Սակայն արդի Հայկական պետականության վերնախավը ձեր համեստ ցանկությունների ու խելամիտ առաջարկների հետ հաշվի չնստեց եւ կասկածի տակ դնելով մեր հնարավորությունները՝ մեզ հասցրեց այսօրվա տագնապային իրավիճակին: Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները եւ դրանց ոչ լիարժեք` համալիր լուծմամբ չպատասխանելը մեզ դարձրել են անպաշտպան: Եկել է ձեր հստակ դիրքորոշումը հայտնելու պահը մեր ազգային զինված ուժերի գործունեության վերաբերյալ` արդիականացնելու եւ հարձակողական ռազմավարության վրա կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ՝ ռազմական Դոկտրինով հանդես գալու: Սա՛ է բաժանարար գիծը՝ գործող բռնակալությունից: Սա՛ է սահմանումը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական կառուցվածքի համար: Սիրելի զինվորականներ, Արդի Հայկական պետականությունում դո՛ւք եք, որ հանձնեցիք քննությունը, Հայկական զինված ուժե՛րն են, որ, որպես պետության քաղաքական կառույց, չնայած սնանկ ռազմական Դոկտրինի, չնայած իրավական եւ սոցիալական երաշխիքների բացակայության՝ ցուցադրեցին կենսունակություն: Իհարկե, մենք խոնարհվում ենք ձեր առջեւ, բայց նաեւ պահանջում՝ մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին եւ նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր