00:00:00

Պարետատուն զանգում եմ՝ երաժշտություն է միանում, պոլիկլինակայում էլ ասում են՝ չգիտենք. անվերջ ինքնամեկուսացում

02:04, 10 հունիս 2020 Առողջություն

Արարատի մարզի 39-ամյա բնակիչ Կարենը կորոնավիրուսով է ախտորոշվել ավելի քան 20 օր առաջ, 7 օր հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից բուժվելուց հետո ինքնամեկուսացման է անցել տանը եւ մինչեւ այսօր չի կարողանում հստակ պատասխան ստանալ, թե երբվանից է իրեն թույլատրվում ինքնամեկուսացումից դուրս գալ։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ օրեր շարունակ փորձել է կապվել պարետատան, պոլիկլինիկայի հետ, սակայն ապարդյուն։ «Պարետատան հետ կապվելը 81 40 համարով լուրջ խնդիր է։ Երբ զանգահարում ես, ասում է՝ միացել եք պարետատուն, մնացեք գծում, օպերատորը ձեզ կպատասխանի ու երաժշտություն է միանում։ 5 րոպե մնում ես սպասման մեջ, անջատվում է, ոչ ոք չի պատասխանում ու գումար է գնում 500 դրամ։ Քանի օր է՝ նույն վիճակը, զանգել եմ արդեն մի 10 անգամ, մոտ 5000 դրամ գումար եմ ծախսել, ու չեմ կարողացել միանալ»,- պատմեց մեր զրուցակիցը։
Պոլիկլինիկայից նույն ինֆորմացիան ճշտելն ավելի մեծ խնդիր է եղել քաղաքացու համար․ «Ծանոթով եմ զանգել պոլիկլինիկա, դրանից հետո էլ երեք օրը մեկ օրական մի անգամ զանգել են, հարցրել՝ ոնց եմ։ Իրենց հարցնում եմ՝ մինչեւ ե՞րբ եմ մնալու մեկուսացման մեջ, ասում են՝ չգիտենք, ամեն օր մի օրենք է փոխվում»։ Մի քանի օր պարետատուն զանգահարելուց հետո քաղաքացուն վերջապես հաջողվել է զրուցել օպերատորի հետ․ «Պարետատան աշխատողը, պարզվեց, ասում է՝ ձեր ընտանիքի անդամների անունները չկան մեկուսացվածների ցուցակում, բայց ամեն դեպքում, ասում է՝ զանգեք, պոլիկլինիկայից ճշտեք, պոլիկլինիկայից էլ դե տեղյակ չեն։ Պարետատան աշխատողին էլ բողոքեցի, որ զանգը գնում է, գումար է գանձվում, չեն պատասխանում։ Ասում եմ՝ երաժշտությունը 500 դրա՞մ եք ծախում ժողովրդի վրա։ Խոսես՝ գումար գանձեն, էլի հասկանալի է, բայց երաժշտություն լսելու համա՞ր գանձեն»։
Կարենի ընտանիքը մեկուսացման մեջ է դեռ մայիսի 19-ից, երբ իր եւ կնոջ մոտ հաստատվել է վարակը։ Տանը մի քանի օր անցկացնելուց հետո նրա ջերմությունը բարձրացել է, եւ, ունենալով խրոնիկ հիվանդություն, դիմել է՝ հիվանդանոց, պարզվել է, որ երկկողմանի թոքաբորբ ունի, հոսպիտալացվել է։ Մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո առաջարկել են հյուրանոցում ինքնամեկուսանալ, սակայն հրաժարվել է եւ տուն վերադարձել։ Տան մյուս անդամներին՝ երեխաներին եւ 90-ամյա տատիկին չեն թեստավորել։ Ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում ոչ ոք չի այցելել նրանց, սննդի հարցը լուծել են ընկերների օգնությամբ։ «Մի անգամ ԱԻՆ-ից զանգեցին ինձ, տղայիս ուզեցին, հարցրին՝ ո՞նց ես ու դրեցին։ Որ հեռուստացույցով էդքան ցույց են տալիս, թե բժիշկները գնում են տներ, զանգում են, չկա նման բան, ոչ մեկ էլ քեզնով չի հետաքրքրվում, մի բան ճշտելու համար էլ ներվերիդ հաշվին օրերով զանգում իրենց ես փնտրում»,- ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցում եղած ժամանակ էլ բժիշկների հետ շփումն է խնդիր եղել նրանց խիստ զբաղված գրաֆիկի պատճառով․ «Բժշկին տեսնում էի օրական 50 վայրկյանով, երբ գալիս էր թթվածինը ստուգելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր