00:00:00

Կարեն Կարապետյանը դռնփակ նիստի ժամանակ մի քանի հանձնարարական է տվել

20:01, 12 ապրիլ 2018 Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ: Վարչապետի պաշտոնակատարի մյուս հանձնարարականը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր: «2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա», - նշել է Կարեն Կարապետյանը։ Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։ Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատմանը: «2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։ Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ, և ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը և մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։ Կարեն Կարապետյանը հանձնարակական է տվել նաև հանրապետական գործադիր մարմինների 2018 թ. գործունեության վերաբերյալ: «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների և ղեկավարների, ինչպես նաև մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը և զեկուցումը, ինչպես նաև ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։ Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։ Այսօրվա նիստի վերջին հանձնարարականն էներգախնայողական ռեժիմների վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործուղությունների ծրագրի երկրորդ փուլը։ Կարևորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը և պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին և ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը և ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Հանձնարարվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր