00:00:00

Ինչ որոշում է կայացրել Արայիկ Հարությունյանը

14:22, 24 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցանկությամբ և հորդորով այսուհետ պաշտոնյաների աշխատասենյակներում նախագահի լուսանկարի փոխարեն ամենատեսանելի անկյունը կտրամադրվի հերոսների լուսանկարներին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում, մասնավորապես ասցում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալու՝ պարտադիր դարձած երևույթին: Եթե այն ընկալվում է որպես պետականության հանդեպ եղած տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, ապա իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին: Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, եթե կուզեք այդպես ընկալել, առաջին որոշումն է: Մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիվ ապագայի կառուցման համար նրանք կյանքով են հատուցել, որպեսզի ապրողներս կարողանանք իրագործել նրանց պատգամը: Ա՛րդ, թող որ ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու... Մեր զոհված հայորդիների պատիվը մեր խիղճն է՝ մեր ունեցած ծանր ու դժվարին անցյալի, մեր շահած ու փայփայած ներկայի և լուսավոր ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ, որի շինարարը մեզանից յուրաքանչյուրն է: Մեր հոտնկայս հարգանքն ու խոնարհումը առոչինչ են, եթե թերանում ենք մեր պարտականություններում: Հ.Գ. Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին ենք հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում և գործունեության մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր