00:00:00

Լուսինե Սահակյանը հաղթել է Վանաձորի թատրոնի տնօրենի մրցույթում

00:37, 21 մայիս 2020

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը հաղթել է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը պետք է անցկացվեր մարտի 17-ին, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով այն հետաձգվել է և տեղի է ունեցել մայիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Մեզ հետ զրույցում Սահակյանը, խոսելով թատրոնի հետագա աշխատանքի մասին, ասաց, որ, ավաղ, հարմարվել են կորոնավիրուսի հետ ապրելուն: «Ակտիվ գործունեություն ծավալելով վիրտուալ հարթակներում՝ փորձում ենք չկորցնել կապը հանդիսատեսի հետ: Հանդիսատես-թատրոն կենդանի շփումն այլ է, բայց մեկուսացված վիճակում անգամ անում ենք հնարավորը մարդկանց մշակույթին հաղորդակից դարձնելու համար»,-նշեց Սահակյանը: Լուսինե Սահակյանի խոսքով՝ շուտով փոքր խմբերով սկսելու են ներկայացումների փորձերը: «Ըստ մեր նախնական ծրագրերի՝ արդեն իսկ պետք է երկու առաջնախաղ հանձնած լինեինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Մոնոնեկայացումներ ենք պատրաստելու: Մեր թատրոնի ետնաբակը հրաշալի հնարավորություն է ընձեռում բացօթյա բեմադրությունների համար: Հնարավոր է՝ հետագայում ետնաբակում ցերեկային ներկայացումներ կազմակերպվեն»,-եզրափակեց թատրոնի տնօրենը՝ առողջություն մաղթելով բոլորին: Լուսինե Սահակյանից բացի մրցույթին մասնակցել է ևս 3 անձ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից չբացահայտեցին դիմորդների անունները՝ նշելով, որ դա փակ ինֆորմացիա է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր