Որտեղի՞ց է սնվում հակահասարակական վարքագիծը, որի դեմ պայքարի արշավի են կոչում պաշտոնյաները։ Արդյո՞ք կիրառվում են բոլոր գործիքները սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու, այդպիսով՝ համավարակի դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ։ Փորձված գործիքներից կիրառվում է տուգանք-պատիժը։ Պատիժը կամ պատժի սպառնալիքը զգաստացնում է շատերին։
Մարդու գրպանին հարվածելը նրան կարգապահ է դարձնում, ստիպում պահպահելու հակահամաճարակային կանոնները՝ դիմակ-ձեռնոց կրելու, ալկոգելով ախտահանելու ձեռքերը և այլն։ Պատժից զատ՝ սոցիալական պատասխանատվության գործիք է նաև ընտրանու, վերնախավի օրինակը։ Արդյո՞ք կառավարության անդամները, պատգամավորները, հասարակական հեղինակությունները իրենց վարքով, խոսքով նպաստում են սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։ Հոգեբանները կարծում են, որ հասարակական վարքը մեծապես պայմանավորվում է ընտրանու օրինակով։
Որոշ ժամանակ առաջ պաշտոնյաներից մեկը պնդում էր, որ դիմակ պետք է կրեն վիրուսով վարակվածն ու նրան խնամողը։ Ներկայում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար։ Այսպիսով՝ պայքարի կազմակերպիչները փոխել են մարտավարությունը։ Ամենևին չվիճարկելով այս փոփոխության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ հարց է ծագում. Արդյո՞ք պաշտոնյայի նախորդ պնդումը, թե դիմակ պետք է կրեն վարակվածն ու խնամողը՝ ճիշտ չէր։ Եթե ճիշտ չէր, ապա պաշտոնյան պետք է հայտարարի, որ ոչ ճիշտ խորհուրդ է տվել ժամանակին, իսկ հիմա այսինչ-այսինչ բաներից հետո հասկացել է, որ բոլորն անխտիր պետք է դիմակ-ձեռնոց կրեն։
Եթե պաշտոնյան հրապարակավ ուղղի իր նախորդ հայտարարությունը, ապա մարդիկ կհասկանան, որ պաշտոնյան իրենց նման մարդ է, կարող է սխալվել, հետո, ժողովրդին հարգելով, խոստովանել սխալը, ներողություն խնդրել, դարձի գալ, կանգնել ճշմարիտ ճանապարհին։ Մարդիկ սիրում են խոստովանող պաշտոնյային, և հետո նրան վստահում են ավելի բարձր պաշտոն։
Պաշտոնյայի խոստովանությունից հետո ժողովրդի և պայքարի կազմակերպիչների միջև փոխվստահությունը կբազմապատկվի, մարդիկ բազմապատիկ նվիրումով կկատարեն պարետատան հրահանգ-պահանջները համավարակի դեմ պայքարում, և սոցիալական պատասխանատվությունը կբազմապատկվի 2, 3, 5, 10 անգամ։ Համավարակի դեմ պայքարում մեծ նշանակություն ունի նաև փողը։ Այս հարցում ունենք ձեռքբերում։ ԱՄՀ տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 միլիոն դոլար անհապաղ հատկացնելու որոշում է ընդունել:
Մնում է հուսալ, որ կառավարությունը կխոստովանի և կուղղի նախորդ վրիպումները, կամրացնի հասարակական համերաշխությունը, նպատակային կիրացնի 280 միլիոն դոլարը, և ազգովի դուրս կգանք ճգնաժամից։
Թաթուլ Մկրտչյան