00:00:00

Ես լավատես եմ, եղիր այդպիսին նաև դու

15:47, 20 մայիս 2020

Մարտի մեկին՝ մեկ, այսօր արդեն մայիսի 20-ին՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 230-ով՝ հասնելով 5 հազար 271-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 255-ով և հասել 2 հազար 419-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 44 հազար 71 է: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 67-ի, կորոնավիրուսով վարակված ևս 27 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 758 մարդ: Նշենք, որ փաստացի բուժվողների թիվը նախորդ օրվա համեմատ նվազել է 30-ով: Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերն ունեն հետեւյալ վիճակագրությունը՝ 140, 184, 239, 189, 351, 218, 230: Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը 27 տարեկան է եղել, ամենատարեցը՝ 93։ Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, տեղեկացնելով, որ ախտանշաններ չունեցող քաղաքացիները վերադառնալու են տուն, նոր ախտորոշվածները չեն մեկուսացվելու հյուրանոցներում։ Այս փոփոխությունը, ըստ Թորոսյանի պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անհրաժեշտ է կոտրել համաճարակի տեմպը, հակառակ դեպքում մայիսի 29-ին կունենանք հիվանդացության 10 հազար դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք հիվանդացության 20 հազար դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերը էականորեն կավելանան։ Վարչապետը նշել է, որ փողոցներում այսօր հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման՝ շրջել են փողոցներում, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր որ մարդկանց մոտ ի միջի այլոց վերաբերմունքի ձևավորման պատճառներից մեկն էլ կորոնավիրուսի մասին տարածվող միֆերն են: Վարչապետը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց թաղումների անցկացման վրա, քանի որ մարզերում համավարակի բռնկման մի քանի դեպքերի պատճառ եղել են թաղումները: Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի համաճարակի մեջքը դեռ կոտրված չէ, տնտեսական գործունեության նախկինում կիրառված սահմանափակումների զգալի մասը հանվել է, վերագործարկվել է հանրային տրանսպորտն, այսօրանից արդեն մանկապարտեզներն են բացվել։ Հանրային տրանսպորտից օգտվելուց քաղաքացիները պարտավոր են դիմակ և ձեռնոց կրել, փակ տարածքներում դիմակների առկայությունը ևս պարտադիր է։ Պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ եւ լինել պատասխանատու սեփական անձի եւ դիմացինի նկատմամբ ու հիշել կորոնավիրոսից հետո կյանք կա։ Առողջապահության ոլորտի մասնագետները տևական ժամանակ է անտեսանելի թշնամու դեմ են պայքարում, օգնենք, որ պայքարում նրանք ոչ միայն միայնակ չլինեն, այլ նաեւ հաղթանակած դուրս գան։ Ես լավատես եմ, եղիր այդպիսին նաեւ դու։ Շնորհակալություն բուժաշխատողներին, եւ առողջություն բոլոր պացիենտներին։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր