00:00:00

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ հյուրանոցը դադարել է որպես մեկուսարան գործել

13:32, 20 մայիս 2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ: Արդյունքում՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ծանրաբեռնվածութունը նվազել է, իսկ հյուրանոցներից մեկը դադարել է որպես մեկուսարան ծառայել: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հաստատված 66 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 37-ն է Շիրակի մարզի բնակիչ: Այս տվյալները Շիրակի մարզպետարանն անընդհատ թարմացնում է, վերլուծում՝ հասկանալու համար, թե մարզում համավարակի տարածման ինչ դինամիկա կա: Վերջին օրերի համար այդ դինամիկան դրական է: Նոր դեպքերը քիչ են, առողջացածները՝ շատ, իսկ սա նշանակում է, որ Շիրակի մարզի կորոնավիրուսի տարածման օջախներում կանխարգելիչ միջոցառումներն արդյունք տվել են: Ամենամեծ օջախը Մարալիկում էր: Տեղաշարժի սահմանափակումներից հետո Մարալիկում վիրուսի տարածումը հաջողվել է կանխել, առողջության կենտրոնն էլ վերսկսել է աշխատանքը: Գյումրիի հյուրանոցներից մեկը դարձել էր մեկուսարան՝ ինքնամեկուսացման ցուցում ունեցողների համար: Մեկուսարանն այլևս, որպես այդպիսին, չի գործում: Բոլոր նրանք, ում թեստավորումը դրական արդյունք էր տվել, տեղափոխվել են բուժհաստատություններ, իսկ ախտանշաններ չունեցողները արտահիվանդանոցային ծառայություններից են օգտվում: «Անցել ենք մեկ այլ մարտավարության, երբ դրական արդյունքով հիվանդները ստանում են հիվանդանոցից դուրս ծառայություն՝ արտահիվանդանոցային ծառայություն, եթե չունեն սիմպտոմներ: Այս մոտեցումը զարգանում է, նաև դրա արդյունքում է, որ որոշում կայացվեց մեկուսացման հյուրանոցային ծառայությունից հրաժարվել»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հիմա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Այլ մարզերից են այստեղ հիվանդներ տեղափոխվում: Շիրակի մարզից էլ մայրաքաղաքի բուժհաստատություններում, նաև Ծաղկաձորի հյուրանոցներում բուժվողներ կան: Այս ընթացքում Շիրակի մարզի առողջապահական համակարգը նոր ծառայություններով համալրվելու հնարավորություն է ստացել: Մասնավորապես, արդեն մեկ շաբաթ է՝ կորոնավիրուսի թեստավորում կատարվում է նաև Շիրակի մարզում: Քննարկվում է Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը վերագործարկելու հարցը: Առաջարկը մարզպետ Տիգրան Պետրոսյանն է ներկայացրել, առողջապահության նախարարությունում գնահատելու են ծրագրի արժեքը: Սահմանափակումների մեղմացումները մեծացնում են վիրուսի տարածման ռիսկը, միևնույն ժամանակ, վերահսկողությունը: Տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը վերահսկում են ոստիկանները, սրճարաններում՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը: Վերահսկողության լծակն էլ տուգանքներն են: Բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվություն կկրի գործատուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր