Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, ըստ Դ-ի, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր, - ասում է կինը, - ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից հինգ օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել: Զուգարանում կեղտոտելուց տղաս արյուն է տեսել»:
Զինվորի մայրը պատմում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել պարբերաբար: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», - պատմում է նա: Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», - ասում է զինվորի մայրը:
Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», - ասում է Դ-ն: Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ:
«Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», - ասել է նա:
Նկատի ունենալով դեպքի առանձնահատկությունը և դրա հնարավոր ազդեցությունը երիտասարդի հետագա ճակատագրի վրա, ինչպես նաև անմեղության կանխավարկածից ելնելով, հարկ ենք համարել գաղտնի պահել մոր, որդու և հանցավոր արարքը կատարե;ու մեջ կասկածվող սպայի անձնական տվյալները: ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:
Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները: Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, Դ-ն փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը:
Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայող Կ-ին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել: Տեղյակ լինելով այս ամենին, նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: