ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը բանավոր ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին, որում բարձր է գնահատել Չինաստանի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ):
Ըստ ԿԿՀԳ-ի` բանավոր հաղորդագրության մեջ Կիմ Չեն Ընը «ջերմ ողջույններ է հղել գլխավոր քարտուղար ընկեր Սի Ցզինպինին», ինչպես նաեւ բարձր է գնահատել այն, որ ՉԺՀ-ի նախագահը, «ղեկավարելով կուսակցությունը եւ Չինաստանի ժողովրդին, վստահորեն հաղթանակ է տանում աննախադեպ համավարակի դեմ պատերազմում»:
«Հարգելի բարձրաստիճան ղեկավար ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ ուրախ է Չինաստանի հաջողությունների համար, ինչպես` սեփական հաջողությունների, եւ վստահություն է հայտնել, որ գլխավոր քարտուղար ընկեր Սի Ցզինպինի իմաստուն ղեկավարության ներքո Չինաստանի կուսակցությունը եւ ժողովուրդը կամրապնդեն եւ մշտապես կմեծացնեն արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները` վերջնական հաղթանակի հասնելու համար»: Ընդ որում, ԿԺԴՀ ղեկավարը քաջ առողջություն է մաղթել Սի Ցզինպինին:
«Բանավոր անձնական ուղերձում գերագույն ղեկավար, զինակից Կիմ Չեն Ընը նշել է, որ Կորեայի եւ Չինաստանի երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները, որոնք ամրապնդվել են` հաղթահարելով պատմության տարբեր փորձությունները եւ մարտահրավերները, օր օրի ավելի ամուր են դառնում եւ շարունակում են զարգանալ»,- եզրափակել է ԿԿՀԳ-ն: