ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժիշկների համար անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության գործարան կատարած այցի ընթացքում պաշտպանիչ բժշկական դիմակ չի կրել, չնայած անվտանգության կանոնները նախատեսում էին անել դա, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN-ը:
Հեռուստաընկերությունը կադրեր է ներկայացրել, որոնցում ԱՄՆ առաջնորդը պաշտպանիչ ակնոցով ուսումնասիրում է արտադրությունն Արիզոնայում գտնվող Honeywell ընկերության գործարանում: Ընդ որում, տեսանյութում չի երեւում նշան, որը բոլոր աշխատակիցներից կպարտադրեր դիմակ կրել: CNN-ը նաեւ նշում է, որ նախքան Արիզոնա մեկնելը ԱՄՆ նախագահը, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել էր, որ պատրաստվում է դիմակ կրել:
Թրամփի` գործարան այցի տեսանյութի հայտնվելուց հետո Սպիտակ տանը պարզաբանել են, որ ձեռնարկության ղեկավարությունը չի պնդել, որպեսզի նախագահը եւ նրան ուղեկցող անձինք դիմակ կրեն, չնայած անվտանգության մի շարք միջոցառումներ, այնուամենայնիվ, ձեռնարկվել էին: Մասնավորապես, եւ Թրամփը, եւ այցի մյուս մասնակիցները պաշտպանիչ ակնոց են կրել:
Ապրիլի վերջին ամերիկյան մամուլը քննադատել էր ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին, ով որոշել էր դիմակ չկրել Մինեսոտա նահանգում հիվանդանոց այցելելիս: Պաշտպանիչ դիմակը շարունակում է կորոնավիրուսից պաշտպանության ամենատարածված միջոցներից մեկը լինել:
Ըստ Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 70.9 հազար մարդ: