Չինաստանի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությամբ պացիենտների թիվը վերջին մեկ օրում կրճատվել է գրեթե 14 տոկոսով՝ մինչեւ 339 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակման 2 նոր դեպք, երկուսն էլ բերովի են: Վիրուսի տարածման շրջանում Չինաստանում գրանցվել է արտասահմանից եկած 1 678 հիվանդացած, որոնցից 1 400-ն արդեն առողջացել է: Աշխարհում բարդ համաճարակաբանական իրավիճակի հետ կապված՝ Չինաստանի ԱԳՆ-ն ապրիլի 21-ին քաղաքացիներին զգուշացրել էր խուսափել ցանկացած արտասահմանյան ուղեւորությունից, երկրում միջազգային չվերթների թիվը առավելագույնս սահմանափակված է:
Ըստ վիճակագրության՝ Չինաստանում բուժվել է վարակվածների 94 տոկոսը, 58 մարդ ապաքինվել է վերջին մեկ օրում: 2019-ի դեկտեմբերից հիվանդացածների թիվն անցել է 82,8 հազաևրից: Չինաստանում արդեն շատ օրեր մահվան դեպքեր չկան: Մահացության պաշտոնական ցուցանիշը 5,59 տոկոս է (մահացել է 4,6 հազարից ավելի մարդ):
Երկրում իրավիճակը շարունակում է բարելավվել, բոլոր քաղաքների եւ նահանգների իշխանությունները նվազեցրել են վիրուսի տարածման հավանականությանը արձագանքման մակարդակը: Պաշտոնական տեղեկություններով՝ չինական տնտեսությունը հաջողությամբ վերականգնվում է համաճարակի բացասական ազդեցությունից: Մարդիկ, ինչպես նախկինում, պետք է փողոցում պաշտպանական դիմակներ կրեն, պահպանվում են հատուկ կանոնները, որոնք կարգավորում են հանրային վայրերում վարքագիծը: Ազգային վիճակագրությունը հաշվառում է ախտանիշներ եւ վիրուսի առաջացրած հիվանդություն չունեցող վարակակիրներին. այս պահին Չինաստանում այդպիսի 903 մարդ կա, այդ թվում՝ 20 դեպք հայտնաբերվել է անցած մեկ օրում: