00:00:00

Քաղաքացուն մոտ կանգնած կառույցը համայնքն է. կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ

02:30, 06 մայիս 2020 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն`Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում: ««Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացում: Ցանկացած ծրագրի հաջողություն կախված է դրանում ընդգրկված բոլոր դերակատարների մասնագիտական կարողություններով, այդ իսկ պատճառով այս փոփոխությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը: «Նախադեպը չի եղել, որ Երևանում սոցիալական պաշտպանության ոլորտում նման հետազոտություն իրականացվի: Ի սկզբանե մոտեցումը կառավարման արդյունավետությունը գնահատելն էր: Այսինքն, ուզում էինք հասկանալ ճիշտ են կառավարվում թե սոցիալական աջակցության տարածքային մարմինները, թե վարչական շրջանների մարմինները, բայց եթե միայն կառավարման ոլորտով նայեինք, այդքան համապարփակ չէր լինի: Եվ ինչ արեցինք. ուսումնասիրեցինք օրենսդրությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և սոցիալական աշխատանքը: Սոցիալական ծրագրերի հետ կապված տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շատ փակված է ծավալել իր գործունեությունը»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը: Համակարգային փոփոխության հաջորդ քայլը ներկայիս Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն ձևավորելն է, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում: Քննարկման շրջանակում Երևանի ավագանու անդամները հարցեր են ուղղել ոլորտի մասնագետներին, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները: Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր