00:00:00

«Ահռելի ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիաում»․ Պոմպեո

15:33, 04 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է, որ «ահռելի ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ պետքարտուղարը որևէ ապացույց չի ներկայացրել։ Աղբյուրը նշում է, որ այս շաբաթ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոյի հայտարարությունները հռետորաբանության էսկալացիա էին․ ավելի վաղ նա հայտարարում էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուհանում կորոնավիրուսի ծագման հնարավորությունը, իսկ հիմա պնդում է, որ «ահռելի ապացույցներ» կան։ «Ահռելի ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը սկսվել է հենց այնտեղ»,- ասել է նա և քիչ անց իր խոսքում կրկին ընդգծել․ «Ես կարող եմ ասել ձեզ, որ կան զգալի քանակությամբ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է։ Այս պահին դրան չհավատալու պատճառ չունեմ»,- հայտնել է նա։ Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը խոչընդոտում է ԱՄՆ-ի՝ նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու փորձերը։ Նրա խոսքով՝ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ ԱՄՆ մասնագետներին մուտք գործել Ուհանում գտնվող լաբորատորիա և հետաքննություն անցկացնել։ «Երբ մենք փորձեցինք դա անել, չինացիները մեզ թույլ չտվեցին մուտք գործել ոչ միայն լաբորատորիա, այլև ամենուր, որտեղ մենք կարող էինք գտնել այդ վիրուսի սկզբնաղբյուրը»,-նշել է Պոմպեոն: Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են շրջանառվում այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր