Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն թուրքական «Halk TV» հեռուստաալիքի եթերում մասնակցել է կորոնավիրուսի թեմայով քննարկումներին։
Անդրադառնալով քաղաքում մահացությունների թվի աճի վերաբերյալ խոսակցություններին՝ Իմամօղլուն ասել է․ «Երբ նայում ենք մահացության վիճակագրությանը, այս տարի նախորդ 2-3 տարիների համեմատությամբ 30-35 տոկոսով ավել մահեր են գրանցվում»։ Քաղաքապետը, սակայն դժվարացել է ասել, թե այդ ավել մահացությունների որ մասն է պայմանավորված կորոնավիրուսով, քանի որ վիճակագրության մեջ առանձին չի նշվում դա։
Իմամօղլուն միայն նշել է, որ վերջին 1 ամսում օրական մահացությունների թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ 80-90-ով, իսկ երբեմն նաև 100-ով ավել են լինում։
Նա նաև նշել է, որ այս թվերի կապակցությամբ քաղաքապետարանն արդեն զգուշացնող գրություններ է ուղարկել նահանգապետարան և առողջապահության նախարարություն։
ermenihaber.am