Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 9-ին, կեսօրին, Արցախի Հանրապետությունում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել: Զոհվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 19-ամյա Նարեկ Գևորգի Հարությունյանն էր: Վերջինս ընտանիքի միակ որդին էր: Հակառակորդի դիպուկահարը հայ զինծառայողին կրակել է այն ժամանակ, երբ վերջինս գլուխը բարձրացրել է դիրքից: Նարեկը ինչ-որ ձայներ է լսել, փորձել է հասկանալ ինչ է կատարվում եւ այդ պահին թնշամու գնդակը կպել է նրան՝ հասցնելով մահացու վիրավորում:
Մեզ հետ զրույցում զոհված զինծառայողի ընկերներից Վաչե Մարտիրոսյանը նշեց, որ Նարեկը խելացի ու համեստ անձնավորություն էր, մշտապես աչքի էր ընկնում իր ընկերասիրությամբ: «Գյուղում բոլորը նրան սիրում ու հարգում էին, չգիտեմ որեւէ կերպ չեմ կարող բացատրել, բառեր գտնել ասելու համար, թե ինչպիսի մարդ էր Նարեկը»,- ասաց Վ.Մարտիրոսյանը, հավելելով, որ ընկերը ութ ամսից զորացրվելու էր:
Նարեկ Հարությունյանը երբեք ծառայությունից չի դժգոհել, մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Սա է վկայում թերեւս նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարներն ու գրառումները:
Irakanum.am-ը եւս ցավակցում է Նարեկ Հարությունյանի հարազատներին, ընկերներին ու բարեկամներին նրա մահվան կապակցությամբ: