Բոնի համալսարանին կից գործող Վիրուսաբանության և ՄԻԱՎ-ի ոլորտում հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են՝ որն է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու ամենահավանական եղանակը։ Այս մասին RTL Today-ի հետ զրույցում պատմել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հենդրիկ Շտրեեքը։
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առարկաների հետ շփման հետևանքով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ ուսումնասիրությունների ժամանակ իրենց չի հաջողվել հայտնաբերել կենդանի վիրուսի առկայությունը տարբեր մակերևույթներին։ «Դռների բռնակներից, հեռախոսներից կամ զուգարաններից նմուշներ վերցնելուց հետո մեզ չհաջողվեց կուլտիվացիայի ենթարկել վիրուսը լաբորատոր պայմաններում», - նշում է Շտրեեքը։
Ինչպես բացատրում է մասնագետը, այս կերպ հնարավոր է վարակվել, եթե, օրինակ, վարակված որևէ մեկը հազալիս բերանը ծածկում է ձեռքով և անմիջապես այդ ձեռքով դիպչում որևէ առարկային, որից հետո մեկ այլ մարդ անմիջապես նրանից հետո դիպչում է այդ նույն մակերևույթին և այդ ձեռքով հպվում նաև դեմքին։ Այնուամենայնիվ վարակման այս ուղին այդքան էլ տարածված չէ։
Հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսի լուրջ բռնկումները տեղի են ունեցել մասսայական միջոցառումների ժամանակ մի խումբ անձանց երկարատև ու սերտ շփման հետևանքով, ինչը վկայում է, որ վարակման ամենահավանական ճանապարհը հիվանդի հետ անմիջական սերտ շփման ժամանակ օդում վիրուս պարունակող կաթիլները շնչելն է։