00:00:00

Մեր նպատակն է Վանաձորը զբոսաշրջիկի համար դարձնել առավել գրավիչ. Ասլանյան

01:00, 11 ապրիլ 2018

Վանաձորում մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ նպատակով ապրիլի 10-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը,Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը և Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը շրջայց են կատարել Վանաձորի տարբեր թաղամասերում: Համայնքի բյուջեով նախատեսվել է բարեկարգման, կանաչապատման, ասֆալտապատման և մի շարք այլ աշխատանքներ իրականացնել Վանաձոր համայնքի տարբեր հատվածներում: Այցի առաջին կանգառը«Դարբբագս» կարի ֆաբրիկան էր, որտեղ ներդրողի կողմից ընդլայնվում են արտադրության ծավալները, ինչի արդյունքում մեկ տարվա ընթացքում ստեղծվելու են մոտ 1000 նոր աշխատատեղեր: Համայնքապետարանի նպատակն է ամրապնդել բիզնես-համայնքապետարան կապը՝ գործարար միջավայրի համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Ընկերության կողմից ներկայացված կանաչապատման և բարեկարգման նոր սխեման հավանության է արժանացել համայնքապետարանի կողմից: Այցի շրջանակներում համայնքապետը եղել է նաև Աղայան 73 շենքի բակում, որտեղ նախատեսվում է կառուցել խաղահրապարակ: Ներկայացվել են այս և Նարեկացու 39 և Դեմիրճյան 9 շենքերի խաղահրապարակների կառուցման մասին ծրագրերը: Նախատեսվում է նաև Բազում թաղամասի Համբարձումյան 9 շենքի հյուսիսային մասում կառուցել սպորտային մեծ խաղահրապարակ: Համայնքային բյուջեով կատարվելու են հիշյալ տարածքի բարեկարգման աշխատանքներ: Մեկ այլծրագրով կառուցվելու է Հալաբյան կամրջի գիշերային լուսավորության համակարգը: Այստեղից քաղաքապետն ուղևորվել է Մյասնիկյան փողոցի՝ Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցների միջև ընկած հատված, որտեղ կատարվելու են մայթերի հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ, նման աշխատանքներ իրականացվելու են նաև Տարոն թաղամասի Ուկրաինական փողոցում: Վերջին կանգառը Տիգրան Մեծի պողոտայի վրա գտնվող այգին էր: Այստեղ նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հիշյալ ծրագրերի համար համայնքի բյուջեից տրամադրվելու է շուրջ 50 մլնդրամ: «Ինձ համար առաջնային նպատակը բոլոր աշխատանքների կատարման որակն է:Մեր նպատակն է Վանաձորը զբոսաշրջիկի համար դարձնել առավել գրավիչ: Սպասում ենք կառավարության կողմից սուբվենցիոն համաֆինանսավորմանը, որ կարողանանք իրականացնել ասֆալտապատման, շինությունների հիմնանորոգման և նոր զբոսայգիների կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 400 մլնդրամ»,-ասել է համայնքի ղեկավարը: Գլխավոր ճարտարապետն էլ հավելել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքը վերականգնի կանաչ քաղաքի երբեմնի համբավը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր