«Ես Սասնա ծռերի մասին խոսել եմ այդ գործողությունների ժամանակ, և այն ժամանակ ես ինչ ասել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-այսօր Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա շարունակեց. «Մենք կոչ ենք անում պայքարել բաց ձեռքերով, եթե մեր հանդեպ բռնություն գործադրվի, մենք չպիտի բռնությամբ պատասխանենք»։
Ինչ վերաբերում է ապրիլի 13-ին ժամը 18:30-ին կայանալիք հանրահավաքին ու դրա հավանական արդյունքներին, Փաշինյանն ասաց.
«Եթե բավարար չափով մարդ լինի համախմբված. ժողովուրդը կարող է առաջադրել իր թեկնածուին: Մեր ամեն փոքր կամ մեծ քայլ մոտեցնում է մեզ նպատակի իրականացմանը, այն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը: Առանց ժողովրդի ես չեմ կարող հաղթական ապահովել»:
Բանախոսի համոզմամբ, այս շարժումը լինելու է գործողությունների շարժում, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու ասի՝ «ես դուրս եկա փողոց եւ որոշեցի».
«Չի լինի այնպես, որ ասեք՝ լավ ոչինչ չի փոխվում, ժողովուրդ ջան, գնացեք տուն: Իհարկե, բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել, եթե հրապարակ դուրս գան մեծ թվով մարդիկ: Մենք բացեիբաց ասում ենք, որ անհրաժեշտության դեպքում շրջապատելու ենք տներ, պետական կառույցներ, ու եթե հրապարակում լինի 50 հոգի, ապա մենք կշրջապատենք այն, ինչը հնարավոր է շրջապատել 50 հոգով: Բայց մենք հույս ունենք, որ մեզ կմիանան ոչ միայն Երեւանի, այլ նաեւ մարզերի բնակիչները, մեր քայլարշավի նպատակը հենց դա»,- ասաց Փաշինյանը հավելելով. «Նրանք, ովքեր մտածում են, թե ես իշխանության պրոեկտ եմ, դատավճիռ կայացրեք ու գնդակահարեք ինձ»: