«Եթե մենք վարչապետին կողմ քվեարկենք, նշանակում է՝ ընդդիմություն չենք: Տրամաբանական է, որ մենք քաղաքագիտորեն չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել: Իսկ վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող համար մեկ պաշտոնյան է: Եթե դու վարչապետին կողմ ես քվեարկում, նշանակում է այդ ծրագրին էլ ես կողմ: Եթե մենք ընդդիմություն ենք ու կողմ ենք, դա հասկանալի չէ»: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Այս հայտարարությամբ Բագրատյանն ըստ էության անհարմար դրության մեջ է դնում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Նրա ղեկավարած խմբակցությունը խորհրդարանում դե ֆակտո ընդդիմադիր է համարվում: Խմբակցության պատգամավորներից շատերը տարբեր առիթներով սուր քննադատության են ենթարկում կառավարության գործունեությունը, սակայն ոչ երբեք Սերժ Սարգսյանի:
Սարգսյանն այս պահին իշխանություն չունի, սակայն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որ նա դարձյալ լինի երկրի առաջին դեմքը, ինչպես արդեն հայտարարել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Երկուշաբթի՝ ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային Ժողովն ընտրելու է նոր վարչապետի, այսինքն պատգամավորները քվեարկելու են Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Խորհրդարանական չորս խմբակցություններից երկուսը՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բնականաբար կողմ են քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը, Ելք-ը դեմ: Մնում է Ծառուկյան խմբակցությունը: Նրանք հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ են քվեարկել, մասնակցել նաեւ վերջինիս երդմնակալությանը: Դժվար թե Ծառուկյանն ու իր թիմը կարողանան վարչապետի թեկնածուի հարցում այլ դիրքորոշում որդեգրեն:
Եվ այս դեպքում այլեւս էական չի լինի մաս կկազմի արդյո՞ք ԲՀԿ-ն իշխանության, թե ոչ: Կողմ քվեարկելով ՀՀԿ-ի թեկնածուին, «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում եւս կդադարի համարվել ընդդիմադիր: Սրա մասին հստակ հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Irakanum.am