ՀՀ ՏԿԶ նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Վորլդ Վիժն- Հայաստան» ծրագրի անձնակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում սոցիալական աշխատողի համակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով աշխատանքային շրջայցեր են իրականացնում:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն աջակցում է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը:
Հերթական այցը Տավուշի մարզ էր: Մարզպետարանում, ինչպես նաև Բերդ և Դիլիջան համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են 2017թ. հոկտեմբերին մեկնարկած ծրագրի հետագա քայլերը՝ ուղղված համայնքների ներգրավման և համագործակցության գործընթացին:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է սոցիալական աշխատողի հաստիքի ներդրման համար անհրաժեշտ աջակցությունը յուրաքանչյուր համայնքի համար: Տեղում աշխատակազմին տրվել է սոցիալական աշխատողի համակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ խորհրդատվություն և համայնքային ծառայությանն առնչվող հարցերի պարզաբանում:
Մարզային և համայնքային այցերը սկսվել են 2018թ. մարտին և ավարտվելու են ապրիլին: Այդ ընթացքում ծրագիրն իրականացնող «Վորլդ Վիժն Հայաստան»-ը և Մանկական զարգացման հիմնադրամը hանդիպումներ են նախատեսում 52 խոշորացված համայնքի ղեկավարների հետ` ծրագրի հետագա քայլերը քննարկելու նպատակով:
Այսօր աշխատանքներ են տարվում նաև համայնքային սոցիալական ծառայողների վերապատրաստման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան հասցեական և թիրախային աջակցություն ցուցաբերել բնակիչներին։
Սոցիալական ծառայողները համապատասխան հարցաթերթիկների, չափորոշիչների և աշխատանքի կազմակերպման կանոններին հետևելով` պետք է վեր հանեն ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները: