00:00:00

Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին

18:20, 10 ապրիլ 2018

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ: «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»: «Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»: Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց: -Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաև իտալական մոդելով: Հանդիպե՞լ եք նաև քաղաքական կառույցերի առաջնորդներին: -«Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգևորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ»: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբևէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին:  -Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին: Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը:  -Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է: Ալիևը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը… -Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որևէ նախագահի անուն: Ինչո՞ւ: -Որովհետև այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որևէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո ևս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարևոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր