Ապրիլի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանների են արժանացել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու Մադագասկարի Հանրապետության Նախագահ Հերի Ռաջաոնարիմամպիանինան:
Ինչպես ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի դավանած մարդասիրական արժեքների տարածման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին պարգևատրել Պատվո շքանշանով:
Մադագասկարի նախագահին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին հրամանագրում նշվում է. «Հայաստանի և Մադագասկարի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մադագասկարի Հանրապետության Նախագահ Հերի Ռաջաոնարիմամպիանինային պարգևատրել Պատվո շքանշանով»:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին իրենց մասնակցության մասին հայտնել են արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նշենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի նախագահությունը Հայաստանը ստանձնում է Մադագասկարից, որտեղ էլ 2016թ.-ին կայացել էր 16-րդ գագաթնաժողովը: