00:00:00

Բացահայտվել է տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

19:11, 27 փետրվար 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք: 2018 թվականի փետրվարի 15-ին 43-ամյա տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար և իր բջջային հեռախոսները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ավազակային հարձակումը բացահայտելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը` Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղևոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: Ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը: Փաստական տվյալների համաձայն՝ տվյալ անձը Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան և արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և երկու բջջային հեռախոս: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորի ինքնությունը, ով 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Վերջինս հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է։ Վերջինիս ցուցմունքների համաձայն՝ վարորդի սուրճի մեջ ավելացվել է հոգեմետ դեղահաբ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաև այլ տաքսու վարորդներ: Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր