00:00:00

«Յուքոմ» ընկերությունը նոր տնօրեն ունի. բացառիկ մանրամասներ մի քանի ժամ տևած տնօրենների խորհրդի նիստից

22:19, 10 ապրիլ 2020

«Յուքոմ» ընկերությունն արդեն նոր տնօրեն ունի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցում են ընկերության հավաստի աղբյուրները: Այսօր ժամը 13:00-ից մինչև 22:00-ը տեղի է ունեցել «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ընկերության աշխատակիցների մասսայական ազատման դիմումների հարցը, գրում է factor.am-ը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ընդունվել է «Յուքոմ» ընկերության տնօրենի պաշտոնից Հայկ Եսայանի ազատման դիմումը և նշանակվել է նոր տնօրեն, որի անունն առայմ խիստ գաղտնի է պահվում: Այս մասին ընկերությունը հավանաբար վաղը պաշտոնական հայտարարություն կտարածի: Factor.am-ի  հավաստի աղբյուրը, սակայն,  միանշանակ վստահեցրեց, որ «Յուքոմ»-ի  տնօրեն չի նշանակվել «Բիլայն» ընկերության ներկայիս տնօրեն Անդրեյ Պյատախինը, ինչպես գրում էր մամուլը: Նիստի ժամանակ արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանին պաշտոն է առաջարկվել «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդում: Մեր աղբյուրն ասաց, որ նա որևէ պատասխան չի տվել: Ի դեպ, այսօր ողջ օրվա ընթացքում Հայկ Եսայանը մեր զանգերին չպատասխանեց: Տնօրենների խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև երեկ  ազատման  դիմումներ գրած հարյուրավոր աշխատակիցների խնդրին: Factor.am-ի աղբյուրն ասաց, որ ընկերությունը մտադրություն ունի բանակցել աշխատակիցների հետ, որպեսզի նրանք հրաժարվեն աշխատանքից ազատվելու մտքից: Հիշեցնենք, որ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության  հարյուրավոր աշխատակիցներ  երեկ ազատման դիմումներ էին գրել, այդ թվում՝  ոչ միայն գլխավոր, այլ նաև առանձին ոլորտների տնօրեններ, վարչության և բաժնի պետեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ համատարած ազատման դիմումների պատճառը «Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա միավորումն է։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, նրանց ազգական Սուրեն Խաչատրյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ը, Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները։ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր