00:00:00

30–62՝ բարձր աշխատավարձ ստանալու լավագույն տարիքը. ուսումնասիրություն. «Փաստ»

13:38, 10 ապրիլ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը: ՊԵԿ վարչական ռեգիստրի ներդրման արդյունքում ապահովվել է ամսական կտրվածքով վիճակագրական միավորների ամբողջական ընդգրկվածություն՝ ներառելով մեկ եւ ավելի վարձու աշխատող ունեցող բոլոր կազմակերպություններին՝ կազմակերպաիրավական ձեւից անկախ: Միջին ամսական աշխատավարձի ստորեւ ներկայացվող ցուցանիշները հաշվարկվել են մոտ 37 հազար կազմակերպությունների ավելի քան 500 հազար վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա: Մինչ տեղեկատվական աղբյուրի այս փոփոխությունը, ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4500 խոշոր եւ միջին կազմակերպությունների շուրջ 370 հազար վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա: Այս տարվա հունվարին աշխատողների թվաքանակն ու միջին ամսական անվանական աշխատավարձը ուղիղ կապ են ունեցել կազմակերպությունների տեսակների հետ: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 36 հազար 493 կազմակերպություն, որտեղ աշխատում է 509 հազար 549 մարդ: Եվ որն ամենահետաքրքիրն է, ամենից շատ աշխատավարձ ստացել են մեծ անձնակազմ ունեցող կազմակերպության աշխատակիցները: Մասնավորապես, գրանցվել է 1–9 աշխատող ունեցող 28 հազար 749 ընկերություն, որտեղ աշխատում է 76 հազար 695 մարդ: Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 98 հազար 705 դրամ: 50–249 աշխատող ունեցող թվով 1497 ընկերություն կա, որտեղ աշխատում է ավելի քան 137 հազար քաղաքացի, նրանք միջինում վաստակում են 165 հազար 638 դրամ: Իսկ 250–ից ավելի աշխատող ունեցող 222 կազմակերպությունում աշխատում է 167 հազար 294 մարդ, ովքեր ամսական ստանում են մոտավորապես 223 հազար 445 դրամ: Ստացվում է, որ որքան ընկերությունը մեծ է, այնքան ավելի շատ գումար է այն վճարում իր աշխատակիցներին: Կազմակերպությունների՝ պետական եւ ոչ պետական հատվածների տարանջատման դեպքում էլ, տեսնում ենք, որ պետական աշխատանք առաջարկող կազմակերպությունները 4090 են, իսկ ոչ պետական՝ 32 հազար 403: Առաջինում ընդհանուր առմամբ աշխատում են 198 հազար 200 քաղաքացի, իսկ երկրորդում՝ 311 հազար 349: Եվ համեմատության մեջ դնելով երկու հատվածների աշխատակիցներին վճարվող միջին անվանական աշխատավարձը, նկատում ենք, որ ոչ պետական հատվածում մարդիկ ավելի շատ են վաստակում: Օրինակ, պետական մի կազմակերպություն, որն ունի 50–249 աշխատող, իր աշխատակիցներին վճարում է միջինում 126 հազար 434 դրամ, այն դեպքում, երբ նույն թվով աշխատողներ ունեցող մասնավոր ընկերությունները կարող են վճարել ամսական մինչեւ 206 հազար դրամ աշխատավարձ: Ուսումնասիրության մեկ այլ դիտարկում էլ մտահոգվելու տեղիք է տալիս: Բանն այն է, որ այս տարի հունվարին գրանցված ցուցանիշների համաձայն՝ կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Տղամարդիկ միջինում վաստակում են 202 հազար դրամ, իսկ կանայք՝ 132 հազար դրամ: Մեկ այլ դիտարկման համաձայն էլ՝ ավելի շատ են վաստակում 30–62 տարեկան մարդիկ: Օրինակ՝ 50 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունը 15–29 տարեկաններին միջինում վճարում է 173 հազար դրամ աշխատավարձ, 30–62 տարեկաններին՝ 208 հազար դրամ, իսկ 63 տարեկանից բարձր անձանց՝ 163 հազար դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր