Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումն արդեն հասանելի է, և շահառու քաղաքացիները ստանում են միանվագ աջակցությունը։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումը։ Այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են այս ծրագրերի շահառու, կարողանում են ստանալ գումարը, իսկ մի մասն էլ արդեն ստանում են։ 4-րդ ծրագրի միջոցով Կառավարությունը նպատակ ունի օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այսինքն՝ շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխաներ և ծնողներն ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից այդ նույն ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ը, իսկ մյուս ծնողը մահացած է։ Այս ծրագրի ցանկն անընդհատ թարմացվում է, այդ պատճառով, եթե քաղաքացին չի գտնում իր անունը շահառուների ցանկում, կարող է մի փոքր ուշ կրկին փորձել»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար։