Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը և սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը: Այսինքն՝ նվազագույնի է հասցվել այլ անձանց մուտքը ՔԿՀ-ներ` այսպիսով նվազեցնելով նաև COVID19 -ի ներթափանցման հավանականությունը:
Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաև բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։ Մասնավորապես՝
- ՔԿՀ բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում.
- Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները:
- Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ.
- Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ: