Ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով։
Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։
Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի Նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։
Մասնավորապես,
- Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել հայեցողությամբ։
- Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։
- Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։
- Այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը` մյուս կողմից։
- ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (միավորում է 230-ից ավելի ՔՀԿ-ներ)
- ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
- ԷԿՈ-ՄԵԴԻԱ ՑԱՆՑ
- ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ
- ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
- «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ԼԵԶՎԻ ԵՎ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԴՊՐՈՑ
- «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- «ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
- «ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 20»
- «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ
- ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ