ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը:
«Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», – նշել է վարչապետը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 1-09 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն:
Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:
Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը: