Երեւանում ապրիլի 7-8-ը անցկացվեց կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնություն՝ Հայասանի սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Մասնակցում է 27 պետությունների 700 մարզիկ: Առաջնությանը հետեւում է կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը եւ ներկայացուցիչները, Հայաստանում արեւելյան մարտարվեստների տարբեր ֆեդերացիաների նախագահներ ու անդամները:
«Եվրոպայի առաջնությունը կազմակերպել ենք բարձր մակարդակով: Ինքնագովազդ չհնչի, բայց Հայաստանում ես այսպիսի մարզական միջոցառում երբեւէ չեմ տեսել, որ այս մակարդակով անցկացվի: Ունենք 1000-ից ավել հյուրեր, բոլորը հիացած են մեր կազմակերպած միջոցառումից: Մասնակից երկրների թիվը պետք է լիներ 28, բայց Թուրքիայից հայտ ներկայացրած կարատեսիտների թիմը այդպես էլ չժամանեց, քանի որ Հայաստան գալու հետ կապված ինչ-ինչ խնդիրներ են առաջացել:
Մրցաշարը մեծ ստացվեց, նույնիսկ մեր պատկերացրածից մեծ: Դեռ, իհարկե, աշխատելու տեղ շատ ունենք, բայց բոլորիս սպասելիքները արդարացված են: Ուժեղ մարզիկներ են պայքարի մեջ: Հայ մարզիկները դեռեւս զիջում են իրենց տեխնիկայով, դեռ այդքան էլ ուժեղ չենք, բայց նոր եկող սերունդը մեզ դեռ շատ կուրախացնի բարձր արդյունքներով: Այլ երկրներում այս մարտարվեստն ավելի զարգացած է, քանի որ պետական մակարդակով աջակցությունը ավելի մեծ է, քան մեր երկրում: Հենց այս պատճառով մեծահասակների տարիքային խմբում հայ մարզիկները դեռ զիջում են: Այս մրցաշարով ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մեր երկիրն էլ կարող է խոշոր մրցաշար ընդունել եւ բարձր մակարդակով անցկացնել»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Մրցաշարին հետեւել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկա չի եղել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Անդրանիկ Հակոբյանը կարեւորեց առաջնության անցկացումը Հայաստանում, նշելով, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ կարեւոր է Հայաստանում նման մարզաձեւի զարգացման առումով: Բացի այն, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելուն օգնել են նախարարությունն ու քաղաքապետարանը, իր անմիջական աջակցությունն է ցուցաբերել նաեւ միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոկսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը, ով չնայած այն հանգամանքին, որ բնակվում է Մոսկվայում մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում հայրենիքին: Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ խիստ կարեւորում է Բոլյանի աջակցությունը, հավելելով, որ սպորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր հայանպաստ գործունեություն կարեւոր ու ցանկալի է:
Աշոտ Բոլյանը եղել է նաեւ մարզիկներին պարգեւատրողների շարքում:
Irakanum.am-ը ներկայացնում է լուանկարներ առաջնությունից: