«Մեկ հոգով մեր երկիրը չի փոխվելու, բայց յուրաքանչյուր քաղաքացի մեկ առ մեկ իր ներդրումը կարող է ունենալ այդ փոփոխությունն իրականացնելու համար»: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանն ունի պետական փորձ, առևտրական փորձ, նաև դիվանագիտական փորձառություն. «Եվ եթե դա կարող է ի սպաս դնել պետության, կարծում եմ, որ կկարողանանք կամաց-կամաց դուրս գալ այս վիճակից: Սա ենթադրում է ողնաշար, սկզբունքայնություն և կցորդի կարգավիճակից դուրս գալու ուժ»:
Ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ եթե իսկապես փորձ է լինելու հավերժացնելու ինչ-որ մեկի կամ ինչ-որ կուսակցության իշխանությունը, ապա Արմեն Սարգսյան լինի անունը, թե Գարեգին Նժդեհ՝ մեր երկիրը երկիր չի դառնա. «Սերժ Սարգսյանը և նրա գործընկերները պետք է հասկանան, որ իրենք հնարավորություն ունեն Արմեն Սարգսյանի միջոցով կամաց-կամաց փոխելու երկիրը»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն աջակցում է դրան: «Կարող ենք ասել, որ մենք ի սկզբանե միացել ենք, որովհետև գյուղից գյուղ, քաղաքից քաղաք գնալու այդ տարերքը նաև իմն է: Մարդը գործ է անում, և ես ողջունում ու զորակցում եմ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե իրեն հանրահավաքային հարթակում չտեսնեն, ապա «ավազանում՝ այո»: