00:00:00

Երդմնակալության այս արարողությամբ վերահաստատում եք հայրենիքին եւ մեր ժողովրդին ծառայելու Ձեր ուխտը. Գարեգին Բ

17:59, 09 ապրիլ 2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, ներկա էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գարեգին Բ-ն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին: Արարողության ընթացքում հնչած Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքում, մասնավորապես, ասվում է. «Ուրախությամբ ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության առիթով: Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ողորմությամբ եւ երկնառաք շնորհներով մեր ժողովուրդը հայրենի պետության հովանու ներքո շարունակում է ապրել իր առաջընթաց կյանքը կերտելու անխախտ հույսով ու հավատով: Մեր ժողովուրդը հայրենի պետականությունը վերականգնելու համար մաքառումների երկար ճանապարհ է անցել՝ դիմագրավելով բազմաթիվ փորձությունների: Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու եւ հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի եւ մաքառումների պսակն ու դափնին, մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ամբողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի եւ հայրենակերտումի նախանձախնդրության: Զորեղ ու ամուր պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարեւ, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել, որոնք կերտվել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի պայծառության տեսլականով, արդարության հաղթանակի հավատով՝ ազգիս զավակներին միավորելով հայրենիքը զորացնելու ձգտումով եւ հայրենիքով զորեղ լինելու գիտակցությամբ: Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան, Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ՝ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաեւ ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը՝ հայրենիքին եւ մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման եւ լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ: Երդմնակալության արարողությունը առիթ է նաեւ անդրադառնալու յուրաքանչյուրիս հանձնառությանն ու պատասխանատվությանը՝ նախանձախդրությամբ շարունակելու միասնական մեր ջանքերը՝ հանուն ազգային նպատակների իրագործման: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախության վերականգնման մեր ժողովրդի իղձը, օրհնել ու քաջալերել մեր արդար պայքարները, այսօր էլ զորակից է հայրենի պետությանը եւ Ձեզ՝ Ձեր ազգանվեր ու հայրենասեր ծառայության ճանապարհին: Սրբազան է մեր հայրենիքը իր բազմադարյա պատմությամբ ու նվիրական արժեքներով, իր հերոսներով ու նահատակներով, հայրենասեր երախտարժան իր զավակներով: Այս նվիրական զգացումներով Մեր հորդորն ենք հղում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ հավատով ու միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրները և դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ տիար Սերժ Սարգսյանին՝ անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը՝ դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ՝ առաջ ընթանալու եւ իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով՝ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արեւշատ կյանք եւ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ: Աղոթում ենք աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի համար: Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո նախագահ տիար Արմեն Սարգսյան՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը Ձեզ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Աղոթք ենք բարձրացնում հայոց պետական ավագանու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի: Թող Տերը օրհնի Հայաստան մեր երկիրը, Արցախն ու սփյուռքը՝ միշտ պահպանելով Իր Սուրբ Աջի խնամքի ու հովանու ներքո շինության, խաղաղության եւ անսասանության մեջ այսօր եւ միշտ: Ամեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր