ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. մարտին ստացվել է 193 հեռախոսազանգ:
Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացու դժգոհությունը վերաբերում էր Քաջարանի հատվածի ճանապարհի ոչ պատշաճ վերանորոգմանը։ Ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քաղաքացուն տեղեկացրել է, որ սպասարկող կապալառու կազմակերպությունները 2018 թ. մարտի 20-ից սկսել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների՝ այդ թվում վերը նշված հատվածի փոսալցման աշխատանքները:
Նախարարություն զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Ոսկեպարի հատվածում առաջացած խորը փոսի մասին, որը վտանգավոր է երթևեկության համար: Քաղաքացու բարձրացրած խնդիրն ուսումնասիրվել է, և նախարարությունը հանձնարարել է տվյալ ճանապարհահատվածը սպասարկող «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ին՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Ոսկեպար համայնքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում կատարել փոսալցման աշխատանքներ:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 15 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները զանգահարած քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ էլ 176 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: