Նախագահ Արմեն Սարգսյանն երեկ երեկոյան այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ տեղի էին ունենում ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության վերջին պատրաստությունները:
Ըստ որոշման նախագծի` Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:
Երդմնակալության արարողության ժամանակ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված: