00:00:00

ՀՀ քաղաքացին ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափ թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում

17:58, 15 մարտ 2020 Իրավական

ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, ինչի արդյունքում հաստատվել է նրա մարմնում (հաստ աղիում) գլանաձև իրի առկայությունը, որից հետո վերջինս խոստովանել է իր մոտ հայտնաբերված գլանաձև իրի մեջ թմրանյութի առկայության հանգամանքը և խնդրել բժշկական միջամտությամբ այն իր մարմնից հանել: Այդ նպատակով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արանագրություն: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով նշված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Սակայն նախաքննության ընթացքում հիշյալ անձը հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չի եղել, հայտնաբերված թմրամիջոցն իր հետ առնչություն չունի, իսկ անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների: Նրա այդ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ: Նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր