00:00:00

Աբովյանում 31-ամյա կինը էլեկտրական թեյնիկով դաժան ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն՝ նրանց միասին բռնացնելով

18:01, 08 ապրիլ 2018

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Էմմա Կ.-ի գործի դատական քննությունը:
 31-ամյա Էմման՝ երկու անչափահաս երեխաների մայրը, մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ Էմմա Կ.-ն, տեղեկանալով, որ ամուսինը սիրուհի ունի, պարզաբանումներ ստանալու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում գնացել է հանրակացարանային այն սենյակ, որտեղ ապրում էր ամուսնու սիրուհին: Այնտեղ Էմման հանդիպել է ոչ միայն ամուսնու սիրուհուն, այլև ամուսնուն: Վերջինիս ոչինչ չասելով՝ Էմման միանգամից վիճաբանել է ամուսնու սիրուհու՝ Մանուշակի (անունը փոխված է) հետ: Վիճաբանության ընթացքում Էմման ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Մանուշակի մարմնի տարբեր մասերին: Այդքանով չհանգստանալով՝ նա սեղանի վրայից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու դրանով մեկ անգամ հարվածել է Մանուշակի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ: Ծեծի արդյունքում Մանուշակին պատճառվել են ձախ ստորին կոպի, կզակի ստորին մակերեսի, գոտկային շրջանի, աջ բազկի, ձախ կոնք-ազդրային հոդի, ծնկահոդերի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումներ ու ճանկռվածքներ: Դատարանում Էմմա Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ժամանակ Էմման հայտնել է, թե իմացել է ամուսնու և Մանուշակ Գ.-ի սիրային կապի մասին, տեղեկացել է, թե որտեղ է բնակվում է Մանուշակը: Գնացել է հանրակացարանային շենքում գտնվող նրա սենակ: Թակել է դուռը և պահանջել է, որ բացեն: Դուռը բացել է… իր ամուսինը: Նա առաջարկել է ներս մտնել ու ներսում զրուցել: Ինքը ներս է մտել, սկսել է վիճել ամուսնու սիրուհու՝ Մանուշակի հետ: Նրան հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, նաև՝ սեղանից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու մեկ անգամ էլ դրանով է հարվածել Մանուշակի մեջքին: Տուժող Մանուշակ Գ.-ն հայտնել է, թե Էմմայի ամուսնու՝ Ռ.-ի հետ ծանոթացել է 2016 թվականին, նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ: Իրենց հարաբերությունների մասին իմանալով՝ Էմման սկսել է հետապնդել իրեն՝ զանգել ու վիրավորել է, սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ուղարկել: Էմման զրպարտող տեղեկություններ է տարածել իր մասին, դրա պատճառով ինքը ստիպված հեռացել է հայրական տանից, իր ընտանիքից ու երեխայից և բնակություն է հաստատել հանրակացարանային սենյակում: Էմման, ամուսնու հետ խնդիրներ ունենալով, ամեն հարցում մեղադրել է իրեն: Դեպքի օրը իր սիրած տղամարդը՝ Ռ.-ն, իր սենյակում էր, երբ դուռը թակել են: Լսվել են Էմմայի բղավոցի ձայները: Նա սպառնացել է, որ եթե դուռը չբացեն, կկոտրի այն: Իրենք չեն ցանկացել, որ հարևաններն աղմուկը լսեն, բացել են դուռը: Էմման հարձակվել է իր վրա, հարվածել է իր աչքին, գլխին, թևին, ոտքերով հարվածել է իր ոտքերին: Հարվածների հետևանքով ինքը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին: Էմման օգտվել է իր՝ ընկած վիճակից, սեղանից վերցրել է թեյնիկն ու հարվածել է իր մեջքին: Իր սիրած տղամարդը փորձել է բաժանել իրենց: Ձայներից միջանցք են դուրս եկել հարևանները, բայց ոչ մեկը ներս չի մտել ու վեճին չի միջամտել: Վեճի ընթացքում ինքը մի պահ փորձել է բջջային հեռախոսով զանգել ընկերուհուն և օգնություն խնդրել, բայց Էմման իր ձեռքից վերցրել է հեռախոսը և վերադարձրել է միայն հաջորդ օրը՝ հարևանների միջոցով: Հարևանները, լսելով վիճաբանության ձայները, զանգել են ոստիկանություն: Վիճաբանության ընթացքում ո՛չ ինքը, ո՛չ իր սիրած տղամարդը Էմմային չեն հարվածել: Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել Էմմա Կ.-ին, բայց պնդել է, որ բողոքում է ու ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Կանանց կռվի պատճառ դարձած տղամարդը՝ Ռ. Կ.-ն, հայտնել է, որ Էմմա Կ.-ի ամուսինն է: Օգտնվելով իր սահմանադրական իրավունքից, նա հրաժարվել է կնոջ վերաբերյալ ցուցմունք տալուց… Նախաքննության ընթացքում Ռ. Կ.-ն հայտնել է, որ Էմմայի հետ ամուսնացել է 2006 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Վերջին մեկ տարվա ընթացքում իրենց միջև հաճախացել են վեճերը: Ինքը մոտ երկու տարի առաջ ծանոթացել է Մանուշակի հետ, սիրային կապի մեջ են մտել: Դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 19-ի սահմաններում Մանուշակի հրավերով գնացել է նրա սենյակ: Որոշ ժամանակ անց դուռը թակել են, լսվել է իր կնոջ՝ Էմմայի զայրացած ձայնը՝ նա պահանջել է բացել դուռը: Ինքը բացել է դուռը, առաջարկել է ներսում զրուցել հանգիստ: Էմման ներս մտնելով՝ ոտքով հարվածել է Մանուշակին: Ինքը միջամտել ու դադարեցրել է վիճաբանությունը: Դատարանում պատասխանելով հարցերին՝ Ռ. Կ.-ն նշել է, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է, ինքը Էմմային չի հարվածել, միայն դադարեցրել է վեճը: Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Կ.-ն բնութագրվել է դրական, նրա խնամքին են 10 և 9 տարեկան երեխաները: Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել: Էմմա Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, դատապարտվել է 30 հազար դրամ տուգանքի: Տուգանքի վճարումը դատարանը տարաժամկետել է 10 ամսով՝ ամսական 3 հազար դրամ վճարելու պայմանով: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր