anum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ իշխանության վերադասավորման արդյունքում կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Կադրային փոփոխություններ նախատեսված են ինչպես կառավարության կազմում, այնպես էլ մի շարք մարզային իշխանություններում:
Մասնավորապես մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկ են արվելու Սյունիքի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները: Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում տեսնում է բիզնես գործընկերոջը՝ Վահե Հակոբյանին: Վերջինս հիշեցնենք, որ մեկ անգամ եղել է Սյունիքի մարզպետ՝ փոխարինելով հայտնի Սուրիկ Խաչատրյանին:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գործունեությունից եւս իշխանությունը խիստ դժգոհ է: Irakanum.am-ի տեղեկություններով այս պահին քննարկվում է Արմավիրի մարզպետի երկու հավանական թեկնածուի անուն: Խոսքը ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) եւ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) մասին է:
Նկատենք, որ Արմավիրի մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն մարզպետի պաշտոնին հավակնում է նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: Սակայն իշխանական կուլիսներում նրա թեկնածության հարցն անգամ քննարկման ենթակա չէ, եւ որ նման թեմա չկա: