00:00:00

Ոստիկանները բացահայտել են դեղատանը դանակի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումը

19:31, 10 մարտ 2020 Իրավական

Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան փողոցի դեղատներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, հարցուփորձ արել` որ հաբն ինչ արժե, և երբ դեղատան աշխատողը մոտեցել էր, սպառնացել էր դանակով, հափշտակել դրամարկղի փողն ու փախել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ: Ըստ նրա` հանցագործը միջահասակ էր, 25-ից 30 տարեկան: Դեմքը տեսնել չէր հաջողվել: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Եվ դեպքից մեկ օր անց կասկածյալը հայտնաբերվեց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 28-ամյա մի բնակիչ: Մարտի 9-ին Ֆուչիկի փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: https://www.youtube.com/watch?v=SG0np8Hh1vM&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր