Բաղրամյան 26-ում այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը: Սարգսյանը Կարապետյանին տեղյակ է պահել, որ ապրիլի 9-ին նրա գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Այնպիսի տպավորություն է, թե Կարապետյանը այդ մասին չգիտեր եւ Բաղրամյան 26 էր գնացել ու առաջին անգամ լսել Սերժ Սարգսյանի շուրթերից:
Սարգսյանն էլ առիթից օգտվել ու շնորհակալություն է հայտնել Կարապետյանին լավ աշխատանքի և ընկերության համար: Սերժ Սարգսյանը ցանկություն է հատնել, որ Կարեն Կարապետյանը այդ խոսքերը փոխանցի նաեւ կառավարության անդամներին: Այսպիսով Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հեռացրեց վարչապետի պաշտոնից, չսպասելով անգամ ապրիլի 9-ին:
Սարգսյան Կարապետյան հանդիպումը ավելի շատ հրաժեշտի է նման: Երկու օր անց Սերժ Սարգսյանը եւս կլքի իշխանությունը, սակայն ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որի հետ վերադարձի հույսերը զրո են, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն է, ինչն էլ ենթադրում է, որ որքան հեռանում է Կարապետյանը, այնքան մոտենում է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հեռացրեց Կարեն Կարապետյանին, իսկ ո՞վ է հեռացնելու Սարգսյանին:
Հայաստանում դե ֆակտո ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը միասին պայքար չեն տանում: Այս պահին Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուն ուղղված որոշ քայլեր անում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանց շարքերը նոսր են: Հայաստանում հեղափոխության ուրվականն է շրջում, կհաջողի արդյո՞ք այն ցույց կտա ժամանակը:
Irakanum.am