Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 7-ին մեկնարկեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոնը, որի մասնակիցներին ողջունելու համար Վանաձոր էր ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել միջոցառման կայացմանն աջակցող կազմակերպություններին: Ուրախալի է, որ այսօր տեսնում ենք երիտասարդների կողմից այսպիսի ակտիվություն: Կառավարությունն անպայման աջակցելու է լավագույն գաղափարների ու ծրագրերի իրագործմանը»,- իր ելույթում նշեց նախարարը:
Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Հեքեթոնին մասնակցում է 50 թիմ, որոնք 24 ժամվա ընթացքում զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարների նախատիպեր կստեղծեն: Գաղափարները պետք է հետաքրքիր լինեն հայաստանյան և արտասահմանյան տուրիստական շուկաների համար և ապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք և եկամուտ:
Մրցույթին ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ու տեղեկատվական որոնման բարելավմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ:
Կազմակերպիչների խոսքով՝ ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք միտված կլինեն զարգացնելու ստեղծարար արդյունաբերության, ժառանգության և էկո-զբոսաշրջության ուղղությունները:
Մասնակից թիմերը բաղկացած են առավելագույնը 4 անդամներից: Նրանք իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիի անդամներին, որոնք իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են:
Մրցույթի հաղթողները կստանան 2,000,000, 1,200,000 և 750,000 ՀՀ դրամի չափով մրցանակներ։ Դրանք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա: