«Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»: Սա Կարեն Կարապետյանի՝ կառավարության հրաժարականից առաջ արված հայտարարությունն էր: Երկու օր անց՝ ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Ապրիլի 17-ին երկրի խորհրդարանը ընտրելու է նոր վարչապետի:
Մեկ տարի առաջ ՀՀԿ-ի համար «վիզ» դրած Կարեն Կարապետյանի անունը վարչապետի թեկնածուների ցանկում չկա: Չկա պարզ պատճառով, որովհետեւ թեկնածուներ եւս չկան: Կա ՀՀԿ-ի անփոխարինելի Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանը խաղից դուրս է մնացել: Սարգսյանը Կարեն Կարապետյանի համար եւս անփոխարինելի է: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործող վարչապետը, հետեւաբար դժգոհելու պատճառ նա չպետք է ունենա:
Ի վերջո Կարեն Կարապետյանը երբ Մոսկվայում թողնելով բարձր աշխատավարձով աշխատանքը ընդունեց Հայաստանի գործադիր մարմինը ղեկավարելու առաջարկը հստակ գիտեր, որ կարճ ժամանակ անց կանգնելու է փաստի առաջ՝ կամ վերադառնալ Պուտինի երկիր, կամ համակերպվել այն առաջարկի հետ, որը գուցե եւ լինի: Մամուլում տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանը զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանն այս կերպ վճարեց Կարեն Կարապետյանին՝ մեկ տարի առաջ հեղինակազրկված ՀՀԿ-ի համար գյուղից- գյուղ ընկնելու եւ ձայներ բերելու համար: Կարեն Կարապետյանը բնականաբար այլ ելք չունի, քան ընդունել խաղի այն կանոնները, որոնք իրեն դեմ են տվել:
Ինչ վերաբերում է նրա՝ «չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել» խոսքերին, ապա կարելի է ասել, որ դա պահի ազդեցության տակ արված հայտարարություն էր: Եթե Կարեն Կարապետյանը վստահ լիներ, որ հլը շարունակում են աշխատել, ապա դժվար թե հայտարարությունից մեկ օր անց իր բոլոր խորհրդականներին աշխատանքից ազատեր:
«Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»: Իյա իրո՞ք կասեր Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին:
Փայլակ Ֆահրադյան